Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
How like a winter hath my absence been
From thee, the pleasure of the fleeting year!
What freezings have I felt, what dark days seen!
What old December's bareness every where!
And yet this time removed was summer's time,
The teeming autumn big with rich increase,
Bearing the wanton burthen of the prime,
Like widowed wombs after their lords' decease:
Yet this abundant issue seem'd to me
But hope of orphans, and unfathered fruit,
For summer and his pleasures wait on thee,
And thou away, the very birds are mute;
 
Or if they sing, 'tis with so dull a cheer
That leaves look pale, dreading the winter's near.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Որքա՜ն նման էր ձմռանը իմ բաժանումը
Քեզնից՝ հաճույք վաղանցուկ տարվա։
Ի՜նչ ցուրտ եմ ես զգացել, ի՜նչ մութ օրեր տեսել։
Ի՜նչ հին դեկտեմբերյան մերկություն՝ ամենուրեք։
Եւ դեռ այս ժամանակը հեռացման՝ ամռան ժամանակ էր,
Արգասաբեր աշուն, հղի հարուստ բերքով
Կրող առատ բեռը գարնան,
Ինչպես այրիացած արգանդները, իրենց տերերի վախճանվելուց հետո․
Այնուամենայնիվ, այդ առատ բերքը ինձ թվում էր
Ոչ այլ ինչ, քան հույս որբերի եւ անհայր պտուղ,
Քանզի ամառը եւ նրա հաճույքները սպասարկում են քեզ,
Իսկ երբ դու հեռու ես, անգամ թռչունները լուռ են.
 
Կամ եթե նրանք երգում են, ապա այնքան տխուր դեմքով,
Որ տերեւները խամրում են, վախենալով, որ ձմեռը մոտ է։
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Այս իմ եղած բաժանումը ի՜նչպես ձմեռ էր նման,
Ո՛վ փախստյան պերճ տարվա երանավետ ցնծություն,
Ի՜նչ սարսուռ ես զգացի, ինչպիսի՜ մութ օրեր մշուշոտ,
Ու ցրտաշունչ դեկտեմբերի ի՜նչպիսի ամայություն։
Բայց այդ նույն ժամանակահատվածը ամառն էր գալիք,
Եւ աշունն էր պտղաբեր՝ իր բարիքով առատորեն,
Որպես փայփայած մի մոր արգանդն է բեղմնավորվում,
Գարնան շռայլ սերմերից տոգորված ու բեռնավորված։
Սակայն առատ այս բերքը ինձ որբուկ էր երեւում,
Որպես անհայր մի զավակ, որ անտեր է մնացել,
Քանզի ամառը քեզնով ու քո շնորհով է ապրում,
Իսկ երբ դու չկաս, թռչունն էլ է իր երգը մոռացել։

Կամ թե երգում է այնպես թույլ ու անուժ ծլվլոցով,
Որ տերեւները դեղնում են ձմռան վախի սարսուռով։

Որքա՜ն նման էր ձմռան մեր բաժանումը տխուր,—
Անցնող տարվա հաճույքի կորուստն էր այդ ինձ համար,
Դեկտեմբերյան ինչպիսի՜ մերկություն էր ամենուր,
Ինչպե՜ս էի ես մրսում, ինչ ցո՜ւրտ էր օրն ու խավար։
Մինչ,— արի ու հավատա՛,— ամռանն էր այդ պատահել,
Եւ աշունն էր մոտենում ծանրացած ճոխ բերքերով,
Նման այրի մնացած հղի կնոջն այն ջահել,
Որ կրում է կրծքի տակ քա՜ղցր պտուղն իր սիրո…
Բերքի, մրգի ու սերմի այդ լիությունը սակայն,
Անտե՜ր, անհա՜յր մնացած պտուղի հույս էր ասես,
Չէի՜ն երգում առանց քեզ երգող հավքե՛րը անգամ,
Եւ ամռան ոչ մի հաճույք իմաստ չուներ առանց քեզ.

Իսկ երգելիս այնպիսի ցավով էին գեղգեղում,
Որ, ձմեռվա սարսափից, դեղնո՜ւմ էր ծառն ու դողում։

(80) Որքա՛ն ձմրան է նըման իմ բաժանումը քեզմէ,
Փախչող տարուան դուն հաճոյք! Ի՛նչ սառ օրեր ըզգացի,
Ի՛նչ մութ օրեր ապրեցայ! Դեկտեմբերի ալեւոր
Ի՛նչ մերկութիւն ամենուր!
                                                    Եւ բաժանման այս օրերն՝
Եղանակին մէջ ամրան. աշունն յորդող, մեծ, հարուստ
Առատութեամբ, կըրելով իր առաջին շըռայլ բերքն,
Արգանդներու է նըման՝ այրիներու, մահէն վերջ
Իրենց գըլուխ–տէրերուն։
                                                    Լիառատ բերքն այս սակայն
Ինձ կը թըւի թէ լոկ յոյսն է որբերուն, եւ անհայր
Պտուղներուն, ծընունդին. որովհետեւ թէ՛ ամառն
Եւ թէ անոր հաճոյքներն քեզ կը սպասեն լիովին։

Եւ դուն հեռու, թռչուններն անգամ լուռ են, համըր են.
Թէ իսկ երգեն, ցնծութիւնն անոնց այնքան է տըխուր
Որ տերեւներն իսկ կարծես դալկացած են, սոսկալով
Թէ մօտալուտ է նորէն սառնամանիքը ձըմրան։

Որքա՜ն էր կյանքը ցուրտ ձմռան նման, երբ ես հեռացա
Քեզնից՝ թողնելով հեռացող տարվա ցնծությունն անլուր.
Ինչպե՜ս մրսեցի եւ ի՜նչ գորշավուն օրեր ես տեսա,
Ի՜նչ դեկտեմբերյան դատարկություն էր տիրում ամենուր։
Եւ, այդուհանդերձ, ամռանն էր տխուր ժամը բաժանման,
Երբ աշունը ճոխ՝ բերքահավաքով ու հունձքով զեղուն,
Դեռ պիտի կրեր լիառատ բեռը ծաղկաբեր գարնան,
Ինչպես ամուսնուն թաղած խեղճ այրու արգանդը բեղուն։
Եւ, այդուհանդերձ, ժառանգությունը, որ թողել էր նա,
Որբուկների հույս եւ անհայր պտուղ ինձ միայն թվաց.
Քեզ են ծառայում ամառն ու անանց հաճույքը նրա,
Իսկ երբ դու չկաս, չեն երգում բնավ հավքերն համրացած,

Կամ երբ երգում են, նրանց դայլայլը այնքան է թախծոտ,
Որ սփրթնում է ծառը՝ սոսկալով, թե ձմեռն է մոտ։

Որ հեռու էիր, շուրջս ձմե՛ռ էր, ցո՛ւրտ ու անտարբեր,
Ու ոնց որ մարեր ճոխ հարսանիքը հեռացող տարվա։
Հոգուս մեջ սառո՛ւյց, ցերեկները մո՛ւթ, անվե՛րջ դեկտեմբեր,
Ու ամենուրեք անպտուղ շո՛ւնչը մահացող օրվա։
Տարվա էս մասի ընթացքը չըլներ, կըլներ հմայված
Ամա՛ռ կամ աշուն, վերջնական բերքի պտուղով հղի,
Ասես այրի կին, արգանդի բեռով, ով որ վախճանված
Ամուսնուց հետո — խնջո՛ւյք ա անում տռփանադողի։
Բայց բեռն էս հարուստ — տրտում ա ու ո՛րբ, լո՛ւռ, անկարեկից,
Անգալի՛ք ու մութ, ասես մի անհեր ու լքվա՛ծ զավակ։
Ախր, բերքառատ ամառ-աշունը անմա՛սն ա քեզնից,
Ու երբ դու չկաս, թռչուններն է՛լ են տխո՛ւր ու մենակ,

Ու, երբ երգում են, ոնց որ թե ասեն. «Չա՛ր ա ահավոր —
Կանա՛նչը դեղին։ Ուր որ ա, կգա — ցո՛ւրտը սգավոր»։

Որքա՜ն ձմռան նման էր բաժանումը
Քեզնից՝ հաճույք իմ վաղանցուկ տարվա։
Ի՜նչ մութ օրեր եւ ի՜նչ ցրտի զգացում էր։
Ի՜նչ մերկություն էր խուլ ուշ ձմեռվա։
Եւ այն պահին էլ տակավին ամառ էր,
Արգասաբեր աշուն, հարուստ բերքով
Եւ ծաղկունքի ճոխ բեռը կենսավառ էր,
Ինչպես այրու արգանդ հղի՝ պտղով․
Սակայն առատ այդ բերքը ինձ թվում էր
Հույս որբերի, անհայրացած պտուղ,
Քանզի ամառն ու ջերմն իր քեզ սպասում են,
Իսկ երբ չկաս, անգամ հավքերն են լուռ.

Եւ կամ երգում են, բայց տխուր այնքան,
Որ խամր են տերեւներն, ահից ձմռան։