Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
Be wise as thou art cruel, do not press
My tongue-tied patience with too much disdain,
Lest sorrow lend me words, and words express
The manner of my pity-wanting pain.
If I might teach thee wit, better it were,
Though not to love, yet, love, to tell me so -
As testy sick men, when their deaths be near,
No news but health from their physicians know.
For if I should despair, I should grow mad,
And in my madness might speak ill of thee;
Now this ill-wresting world is grown so bad,
Mad slanderers by mad ears believed be,
 
That I may not be so, nor thou belied,
Bear thine eyes straight, though thy proud heart go wide.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Եղիր իմաստուն, որքան դու դաժան ես, մի՛ ճնշիր
Իմ լեզվակապ համբերությունը չափազանց քամահրանքով,
Որպեսզի վիշտը չտա ինձ բառեր, եւ բառերը չարտահայտեն
Կերպն իմ խղճահարություն ցանկացող ցավի։
Եթե ես կարողանայի սովորեցնել քեզ խոհեմություն, էլլավ կլիներ,
Թեկուզ չսիրել, բայց, սեր, այնպես ինձ ասել՝
Ինչպես քմահաճ հիվանդ մարդիկ, երբ իրենց մահը լինում է մոտ,
Ոչ մի նորություն, բացի առողջությունից իրենց բժիշկներից չեն ճանաչում։
Որովհետեւ եթե ես հուսահատվեմ, ես կխելագարվեմ,
Եւ իմ խելագարության մեջ կարող է խոսեմ չար քո մասին․
Հիմա այս չար այլասերված աշխարհը զարգանում է այնքան վատ՝
Խելագար զրպարտողներին խելագար ականջներ են հավատում,
 
Որ ես այդ վիճակում չլինեմ, ոչ էլ դու զրպարտվես,
Պահիր քո աչքերը ուղիղ, թեկուզեւ քո հպարտ սիրտը վրիպի։
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Որքան էլ որ անգութ ես, եղիր խոհեմ ու բարի,
Մի թույլ տուր ինձ, որ բացեմ իմ շուրթերը համրացած,
Որ հուսահատ վիճակս չըլինի թե գըրգռի
Արհամարհված վշտերիս խուլ ցասումը զայրագնած։
Երանի՜ թե հաջողվեր դառնայիր հեզ ու խելոք,
Եւ թեպետ ինձ չես սիրում, քեզ սիրում եմ ասեիր.
Չէ՞ որ անհույս հիվանդը, երբ հիշում է ցավը իր,
Կուզե բժիշկն ավետի ապաքինման մասին լոկ։
Քանի որ ես հուսահատ միայն պիտի խենթանամ,
Եւ քո մասին խոլական նոպայի մեջ վատ խոսեմ,
Աշխարհն այժմ դարձել է այնքան բիրտ ու չարակամ,
Որ ինձ հավատ կընծայեն ականջները անխոհեմ։

Օ՜, որպեսզի խուսափես բամբասանքից պիղծ, անլուր,
Ուղիղ նայիր ինձ վրա, եթե սիրտըդ է այլուր։

Թե անգո՜ւթ ես ու դաժան, գոնե եղիր խելացի՛,—
Սահման ունի մինչեւ իսկ համբերությո՛ւնն անսահման,
Մի թողնի, որ իմ խոցված սիրտն իր փակ շուրթը բացի
Եւ ասի, թե ի՜նչ օրի հասցրեցիր դու նրան։
Ի՜նչ անեմ, որ հասկանաս, որ, եթե չե՜ս էլ սիրում.—
Չխուսափե՜ս գոնե սուտ սիրո խոսքեր ասելուց —
Մահամերձը բժշկից ի՜նչ է ուզում աշխարհում,
Բացի կյանքի՛ց— իր բուժման փրկարար լո՜ւրն առնելուց։
Վախենո՜ւմ եմ, թե հանկարծ համբերությունս հատնի,
Եւ ես, ցավից խենթացած, վատաբանե՜մ անձը քո.
Իսկ մարդիկ չա՜ր են այնքան, աշխարհն՝ այնքան տմարդի,
Որ,— ի՜նչ լափ էլ որ թափեմ.— կհավատա՜ն հաճույքով։

Որպեսզի ոչ դո՛ւ տուժես, ոչ ե՛ս ընկնեմ մեղքի տակ,
Եթե շիտակ չե՜ս սրտով,— գոնե նայիր ինձ շիտա՛կ…

(138) Եղիր իմաստուն, անգութ ես ինչպէս․ շատ անարգալից
Վերաբերմունքով մի՛ գըրգռեր իմ համր, զըսպըւած
Լեզուս եւ անոր լուռ համբերութիւն․ վիշտը որպէս զի
Փոխ չըտայ բառեր, եւ բառե՛ր՝ որոնք նըկարագիրով
Պոռթկուն լինելով, պիտ արտայայտեն իմ գութ-պահանջող
Ցաւն ու իր կերպարն։
                                            Եթէ կարենամ քեզ սովորեցնել
Սըրամտութիւն, երանի լինէր այդ ոչ անպայման
Սիրելու մասին, այլ սիրոյ որ ինձ յայտնէիր, ինչպէս
Շատ դիւրագրգիռ հիւանդներ որոնք մահուան են մօտիկ,
Եւ կ՚ուզեն լըսել ո՛չ մէկ ուրիշ լուր իրենց բժիշկէն,
Բացի մի միայն առողջութենէն։
                                                               Որովհետեւ ես
Թէ յուսահատիմ, պիտի զայրանամ, եւ իմ զայրոյթին
Մէջ գուցէ խօսիմ գէշ բան քու մասին․ իմա չար-կորզող
Աշխարհը այնքան վատթարացած է, խենթ զըրպարտողներ
Խեւ ականջներու միջոցաւ միայն հաւատալ կուտան։

Որպէս զի չըլլամ ես այդպէս, եւ կամ դուն ալ չը խաբուիս
Աչքըդ ուղիղ պահէ, թէ իսկ՝ քու հըպարտ սիրտըդ բռնես լայն։

Որքան անգութ ես, սեր իմ, այդքան էլ ողջախոհ եղիր,
Արհամարհանքով մի հատիր դու իմ համբերությունը,
Որ իմ շուրթերը չդառնան համակ ցասում ու լեղի
Եւ չարտայայտեն սրտիս տվայտանքն ու նեղությունը։
Միթե՞ չես կարող խելամիտ լինել՝ խոստովանելով,
Որ սիրում ես ինձ, թեեւ իմ ցավը հոգիդ չի հուզում։
Հիվանդի նման չարագութ մահը անվերջ վանելով՝
Ես իմ բժշկից միշտ ապաքինման լուրեր եմ ուզում։
Քանզի, սիրելիս, կխելագարվեմ, թե անհույս մնամ,
Կանիծեմ ես քեզ ցնորվածության խելայեղ պահին։
Աշխարհը հիմա այնքան է դարձել բիրտ ու չարակամ,
Որ խենթ ականջներն հավատում են խենթ բանսարկուներին։

Որպեսզի մարդիկ քեզ չհամարեն նենգափոխ ու խեղ,
Ինձ ուղի՛ղ նայիր, թեկուզ եւ սիրտդ լինի ուրիշ տեղ։

Անգթությանդ գո՛նե հավասար ֆա՛հմ ունենայիր,
Չափը չանցնե՛իր, լեզուդ քաշեիր — ու մնայիր զուսպ։
Կարծում ես խոսքը հեչ բան չէ՞ր փոխի։ Թե սուս մնայիր,
Ցավըս չէ՛ր գժվի, ու լեզուս բացեր, դարձներ ինձ անզուսպ։
Նման էն ջղայն ու հիվանդ մարդուն, արդեն մահաշունչ,
Ով իր բժշկից մի՛ լուր ա ուզում, լուր առողջությա՛ն,
Ես է՛լ եմ ուզում — ընե՛նց բան անեմ, չըլնես անմռունչ,
Գոնե բառերո՛վ սեր արտահայտես, ի սեր գթության։
Անհույս մնացի — հաստա՛տ կգժվեմ — ու, խելառ-խելառ,
Էս ու էն յանը կչարախոսեմ քու վարք ու բարքից։
Էս գիժ աշխարհն էլ բամբա՛ս ա ուզում, զրպարտանք ու շա՛ռ,
Լիքն անզոր միտք կա, ով լուր ա ուզում սեւ նեռ ու չարքից։

Որ ես չգժվեմ, դու էլ բամբասի զոհը չդառնա՛ս,
Նայի աչքերի՛ս, թեկուզ ալեկոծ հոգուդ բռնանաս։

Եղի՛ր խոհեմ, որքան որ դու դաժան ես,
Եւ մի՛ ճնշիր հոգիս քամահրանքով,
Որ վիշտն իմ ինձ չտա բառերն այն դառը՝
Ձեւված իմ գթություն հայցող ցավով։
Թե քեզ տայի այնքա՜ն խոհեմություն,
Թեկուզ անսեր, ինձ հետ այնպես խոսել՝
Ինչպես մահմերձը հույս առ փրկություն,
Ուզում է բժշկից միայն լսել։
Քանզի, հուսահատված, ես կգժվեմ,
Եւ գժությամբ քեզ կանարգեմ անսանձ․
Այնքան է արդ աշխարհը այս դժխեմ՝
Գիժ ստողին լսում է գիժ ականջ,

Որ չգժվեմ, եւ դու չզրպարտվես,
Նայի՛ր ուղիղ, թեկուզ սրտով շեղվես։