Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
Let me not to the marriage of true minds
Admit impediments; love is not love
Which alters when it alteration finds,
Or bends with the remover to remove.
O no, it is an ever-fixed mark
That looks on tempests and is never shaken;
It is the star to every wand'ring bark,
Whose worth's unknown, although his heighth be taken.
Love's not Time's fool, though rosy lips and cheeks
Within his bending sickle's compass come;
Love alters not with his brief hours and weeks,
But bears it out even to the edge of doom.
 
If this be error and upon me proved,
I never writ, nor no man ever loved.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Ինձ մի թողեք միության համար հավատարիմ հոգիների
Թույլ տալ* խոչընդոտներ․ սերը սեր չի,
Որը փոխվում է, երբ այն փոփոխություն է գտնում,
Կամ ծռվում է հեռացիչի հետ հեռացվելով։
Ո՜հ ոչ, դա ընդմիշտ սեւեռված նշան է,
Որը նայում է փոթորիկներին եւ չի սասանվում․
Դա աստղ է յուրաքանչյուր թափառող նավակի համար,
Որի արժեքն անհայտ է, թեկուզ դրա բարձրությունը չափվի։
Սերը Ժամանակի ծաղրածու չէ, թեեւ ալ շուրթերն ու թշերը
Մեջն իր կեռ գերանդու տակ են հայտնվում․
Սերը չի փոխվում դրա կարճ ժամերի եւ շաբաթների հետ,
Բայց դիմանում է նույնիսկ եզրին ճակատագրի։
 
Եթե սա սխալ է եւ ինձ դա ապացուցեն,
Ես երբեք չեմ գրել, կամ ոչ մեկը երբեք չի սիրել։
* Պարզ չի, «թույլ տալ»-ը նշանակում է «ենթադրել խոչընդոտներ», թե՝ «առաջացնել խոչընդոտներ»։
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Չեմ ճանաչում գեթ մի ուժ, որը լինի ընդունակ
Երկու անդավ սրտերի միացմանը խանգարել.
Սեր չէ բնավ այն սերը, որ փոխվելով շարունակ,
Սկսում է մարմրել, տկարանալ ու մեռնել։
Օ՜, ոչ, սերը, մշտավառ մի փարոս է հաստատուն
Աշխարհավեր փոթորկին կանգնած ընդդեմ, աներեր.
Նա ուղեցույց մի աստղ է նավաբեկյալ նավաստուն,
Որի ուժը անիմաց չի ճանաչվել շատ դարեր։
Սերը թշվառ միմոս չէ ժամանակի բիրտ ձեռքում,
Որ քաղում է մանգաղով այտ ու շուրթեր վարդագույն.
Սերը հոսուն ժամերով եւ օրերով չի ապրում,
Մինչ դատաստանը վերջին նա կմնա միշտ կանգուն։

Եւ եթե դա այդպես չէ, կապացուցեն սխալն այդ,
Ապա ոչինչ չեմ գրել եւ չի սիրել ոչ մի մարդ։

Ո՛չ մի արգելք չի՜ կարող խանգարել այս աշխարհում
Հավատարիմ ու անկեղծ սիրողների պսակին.
Ամեն չնչին առիթից սիրո հուրը չի՜ մարում,
Եւ չի՜ լռում-հարմարվում ամեն դավ ու բաժանքի։
Օ՜, ո՛չ. սերը ծովափի այն փարո՛սն է հաստատուն,
Որին ոչ մի փոթորիկ ու մրրիկ չի՛ սասանել,
Նա մոլորվա՜ծ նավերին փրկող ա՛ստղն է լուսատու,
Որի խորհուրդը վսեմ ոչ ոք դեռ չի՜ վերծանել։
Ժամանակի խեղկատա՛կն ու ծառա՛ն չէ նա անզոր.—
Թեեւ խամրո՜ւմ են շուրթերն ու վարդ-այտերը ջահել,—
Նա չի՜ փոխվում օրերի ընթացքի հետ անցավոր,
Այլ անսասա՛ն է մնում մինչ Դատաստանը Ահեղ…

Իսկ թե սո՜ւտ են այս տողերն ու ձեզ ուզում են շեղե՛լ,
Այդ ասել է, թե ոչ սեր, ոչ էլ այս երգն է եղել։

(110) Միութեան մէջ երկու անկեղծ եւ նոյնախոհ միտքերու՝
Խոչընդոտ կամ խեռ ըզգացմունք չեմ կարող իսկ ընդունիլ.
Սէրը՝ սէր չէ երբ կը փոխուի ամէն առիթ որ գտնէ,
Համակերպող բաժանումի՝ բաժանողի խորհըրդով։

Օհ, ո՛չ երբէք! Ան ամրակուռ կընիք մըն է մշտադրոշմ,
Աչքը յառած մըրրիկներուն, առանց երբէք սարսելու.
Ուղեցոյց աստղն է մշտական՝ թափառական նաւերուն,
Բարձրութիւնովն իր չափելի՝ սակայն արժէքը անյայտ։

Սէրն չի խաբուիր ժամանակէն, վարդ՝ շըրթունքներ եւ այտեր
Թէեւ կ՚իյնան հասողութեան տակ մանգաղին անոր կեռ.
Կարճ ժամերով, շաբաթներով, սէրը փոխուիլ չի կրնար.

Ան դիմանալ կրնայ նոյնիսկ մինչեւ եզերքն անդունդին։
Եթէ բոլոր այս ըսուածներն սխալանք են արդարեւ,
Ոչ ե՛ս՝ գրած, եւ ոչ մէկ մարդ սէր է ապրեր իրապէս։

Ես չեմ ընդունի սիրող սրտերի միության հանդեպ
Դավաճանություն ու խոչընդոտներ. սեր չէ այն սերը,
Որ փոխվում է միշտ, երբ բախտի կամոք փոփոխում է պետք,
Թեքվում, երբ նրան թեքում են բախտի անգութ ձեռքերը։
Օ՜, երբե՛ք, երբե՛ք. իսկական սերը փարոս է անմար,
Որ միշտ կնայի փոթորիկներին եւ չի երերա,
Պայծառ աստղ է նա ծովում մոլորված նավերի համար
Եւ անհայտ արժեք, թեեւ հայտնի է բարձունքը նրա։
Նա ժամանակի խեղկատակը չէ, թեեւ վարդագույն
Այտերն ու շուրթերն ապրում են նրա կոր մանգաղի մեջ-
Սերը չի փոխվում, իր կարճ ժամերից չի դառնում դժգույն,
Այլ տոկում է նա անգամ կործանման ցավը մինչեւ վերջ.

Եթե մեղք է սա, եւ ինքս թշվառ մեղսավոր եմ լոկ,
Չեմ գրում սրանք, եւ այս աշխարհում չի սիրել ոչ ոք։

Իսկական սերը խոչընդոտներից երբե՛ք չի վախում —
Համոզված էղեք, երբե՛ք ու բնավ։ Է՛ն սերը սեր չի,
Ինչը մարում ա ամմե՛ն առիթով, կամ ուղի փոխում,
Ու չի՛ կարենում մի հաստատ բանի կպնի ու կառչի։
Ճշմարիտ սերը մի ուղենիշ ա, հա՛ղթ ու հաստատուն,
Անխորտակ փարո՛ս — հողմ ու փոթորկի դավերի բովում,
Ա՛ստղ ա ուղեցույց — նավերին մոլոր, դեգեր ու անտուն։
Աստղն էդ գիտե՛նք, բայց իր արժեքը անհա՛յտ ա մնում։
Սխա՛լ են ասում, թե խամաճի՛կն ա սերը գոռ բախտի,
Որովհետեւ վարդագույն շուրթ ու էրեսը զո՛հ են գերանդուն։
Ճշմարիտ սերը անհնազանդ ա ամմե՛ն մի ախտի,
Ու մինչեւ օրհաս մի՛շտ ա անյերեր, զվարթ ու խնդուն։

Թե որ սխալ եմ, ուրեմն երբեք ոչինչ չե՛մ գրե,
Ու էս լուսնի տակ ոչ մի սիրահար բնավ չի՛ էղե։

Թողեք չասեմ, արգելք կա աշխարհում
Սիրո համար․ եւ սեր չէ այն զգացումը,
Որ փոփոխվում է, փոփոխված կյանքում,
Կամ էլ շեղող ուժից իսկույն շեղվում է։
Ո՜հ ոչ, նշան է սերը մշտավառ,
Որ փոթորիկների առջեւ հաստատ է․
Այն աստղ է դեգերող նավի համար,
Որի հայտնի է տեղն, արժեքն՝ անհայտ է։
Ժամանակի հտպիտ այն չի դառնում,
Թեեւ մերթ գերանդուց նրա խամրում է․
Այն չի փոխվում մի կարճ ժամում, ամսում,
Բայց օրհասի եզրին իսկ այն տոկում է։

Թե ճիշտ չէ սա եւ ինձ կապացուցեք՝
Մարդ չի սիրել եւ չեմ գրել երբեք։