Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
Like as the waves make towards the pebbled shore,
So do our minutes hasten to their end,
Each changing place with that which goes before,
In sequent toil all forwards do contend.
Nativity, once in the main of light,
Crawls to maturity, wherewith being crowned,
Crooked eclipses 'gainst his glory fight,
And Time that gave doth now his gift confound.
Time does transfix the flourish set on youth.
And delves the parallels in beauty's brow,
Feeds on the rarities of nature's truth,
And nothing stands but for his scythe to mow.
 
And yet to times in hope my verse shall stand,
Praising thy worth, despite his cruel hand.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Ինչպես ալիքներն են շարժվում դեպի քարքարոտ ափը,
Այդպես էլ մեր րոպեները շտապում են իրենց վերջին,
Յուրաքանչյուրը փոխելով տեղը մյուսի հետ, որը գալիս է նրանից առաջ,
Հաջորդական ջանքերով բոլորը առաջ են ձգտում։
Ծնունդը, հենց մեջն է ծովում լույսի,
Սողում է դեպի հասունություն, որից հենց որ պսակավորվում է,
Կեռ խավարումները ընդդեմ նրա փառքին են մարտնչում,
Եւ Ժամանակը, որը տալիս էր, այժմ իր նվերն է կործանում։
Ժամանակը խոցում է ծաղկունքը երիտասարդության,
Եւ փորում է ակոսներ՝ գեղեցկության ճակատին,
Սնվում է հազվագյուտություններով բնության իսկության,
Եւ ոչինչ չի մնում, եթե ոչ իր գերանդիով հնձվելու համար։
 
Եւ այնուամենայնիվ մինչեւ ժամանակները հուսո իմ տաղերը կհասնեն,
Գովերգելով քո արժանիքները, չնայած նրա դաժան ձեռքին։
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Ինչպես ալյաց շարքերը դեպի ծովափ են նետվում,
Այդպես էլ մեր վայրկյաններն՝ հաջորդական ճիգերով
Դեպի իրենց վախճանն են համառորեն ըշտապում,
Ամեն մեկը նախորդի թողած տեղը զավթելով։
Նորածինը ակամա լույսի օվկիանն է նետվում
Եւ մինչ հասուն տարիքը ստանում է պսակն իր,
Սակայն այժմ ավերիչ ժամանակը դանդաղում
Եւ խլում է նրանցից ամեն ինչը անխտիր։
Պատանության ծաղիկն է անգթաբար նա խոցում,
Պեղում է խոր ակոսներ նրա չքնաղ ճակատին,
Նա իր տեղում եւ ոչինչ հավերժ կանգուն չի թողնում,
Կտրատում է ամեն ինչ նրա անգութ գերանդին։

Բայց երգերս կհասնեն ապագային՝ միշտ կանգուն,
Ընդդեմ մահին՝ գովելով քո համբավը մեծանուն։

Ինչպես ալի՛քն է զարկվում ծովի ժայռոտ ափերին,
Ճիշտ այդպե՛ս էլ, մեր կյանքի վայրկյանները նոր ու հին.
Մեկը մեկին հրելով եւ տեղ տալով նորերին,
Սուրում են ու սլանում դեպի ափերը մահի…
Նորածինը լույսերի բուն կենտրոնո՛ւմ է ծնվում,
Թագադրվում պսակով հասունության ու փառքի,
Սակայն խավարը նրա փառքի դեմ դա՜վ է լարում,
Ժամանակը՝ ե՜տ խլում իր պարգեւը թանկագին։
Նա զարկում է չար նետով ջահելության պսակին,
Գեղեցկության սեգ ճակատն ակոսներո՜վ է պատում,
Սնվում կյանքի, բնության զավակներով եզակի,
Եւ ոչինչ չի՜ դիմանում նրա դաժան գերանդուն…

Սակայն իմ երգը կապրի՛ ու կհասնի գալիքին,
Ամփոփած իր տողերում քո անվան փա՛յլը, անգին։

(119) Ալիքներն ինչպէս կը խուժեն դէպի աւազ-խճաքար
Լայն ծովեզերքներ, վայրկեաններըն մեր նոյնպէս կը շտապեն
Դէպ՝ վախճանական նպատակն իրենց, իւրաքանչիւրն իր
Տեղը փոխելով անոր հետ՝ իրմէ առաջ որ կ՚երթայ,
Այսպէսով ամէնքը յաջորդական տքնութիւններով կը մըրցին դէպի
Յառաջ ընթանալ։
                                       Լոյսի ովկիանին մէջ որ ողողուի,
Նորածնունդին հեշտ է սողալ վեր դէպ՝ հասունութիւն,
Փառքովը որուն կը թագադրուի, որուն փառքին դէմ
Նենգ խաւարումներ պիտի պայքարին, եւ ժամանակն այն
Որ հասունութիւնն էր ապահոված, իր տըւածն հիմա
Ինք կ՚ոչնչացնէ։
                                  Ժամանակն այսպէս կը ցըցամըխէ
Փթթումն ու ծաղկումը պարմանութեան, եւ գեղեցիկին
Ճակտին զուգահեռ խորշոմները ան խոր-խոր կը պեղէ,
Եւ կը սընանի միայն հազուագիւտ ու թանկ բաներով
Իրաւ բընութեան, ինչ որ դիմանայ ու կանգուն մնայ՝
Անոր մանգաղին հունձքէն ազատել պիտ՚ չը կարենայ։

Սակայն կը յուսամ ժամանակներու ընդդէմ քերթուածն իմ
Պիտի դիմանայ, գովաբանելով քու արժանիքներդ,
Հակառակ անոր անգութ ու ճնշող կործանիչ ձեռքին։

Ալիքների պես, որ դեպի իրենց ափերն են վազում,
Մեր վայրկյանները գնում են դեպի վախճանն անճանաչ.
Ամեն մեկը իր կորած նախորդի տեղն է գրավում
Եւ հաջորդական նկրտումներով սլանում առաջ։
Ամեն մի ծնունդ, որ տեսավ լույսի ովկիանը վառ,
Հասունության հետ հասնում է նրա լուսավոր թագին,
Բայց խավարն աղճատ հաղթում է նրա պարծանքը կայտառ,
Եւ ժամանակը կործանում է իր պարգեւը անգին։
Ժամանակն այդպես ծաղկունքն է խոցում պատանեկության
Եւ գեղեցկության ճակատին փորում խորշեր զուգահեռ,
Հոշոտում է նա հազվագյուտ գանձը վսեմ բնության.-
Նրա գերանդին աշխարհում ոչինչ չի խնայել դեռ,

Բայց տողերը իմ չե՛ն ընկնի նրա հարվածից դաժան,.
Եւ իմ երգերում դու միշտ կլինես գովեստի արժան։

Մեր ունայն կյանքի պահերը հերթով անցնում են առաջ,
Ալիքների պես, խփում մեկ սալին ու մեկ էլ սանդին,
Հրհրում իրար, տեղերը փոխում ու լալահառաչ
Կռվում ու նայում, թե երբ ա գալու էդ սեւ՛ գերանդին։
Հենց որ մանուկը արեւ ա տենում, սողում ա կամաց,
Որ հետո հասնի փայլուն զենիթին ու հա՛ պայքարի
Արեւ ու լուսնի խավարմունքի դեմ, բայց բախտն անիմաց —
Պատի շարերին քար է՛լ չի թողում, որ հենվի քարի։
Ժամանակը սեւ — քանդո՛ւմ ա ծաղկուն այգին ջահելի,
Չքնաղ ճակատին փորում ա բազում անճոռնի ակոս,
Հափռում ա ամմե՛ն վսեմը պայծառ — տանի՛, վայելի։
Գերանդուց հետո ժառանգ ա մնում մեննա՛կ քարաքոս։

Բայց թո անվողոք — կամ էլ չա՛ր ըլնի կմախք գերանդին —
Գիրըս քու գովքը, մե՛կ ա, կտանի դարերից անդին։

Ինչպես շարժվում են ալիքներն առ ափ,
Այդպես դեպ վերջ շտապում են րոպեները,
Հաջորդներին զիջում են տեղը շտապ,
Հերթով ձգտում առաջ՝ ժողված ջանքերը։
Ծնունդը, հենց որ լույսն է մեծ տեսնում,
Սողում է դեպ արբունք, իսկ երբ հասնում է,
Խավարումներն են իր փառքին զարկում,
Եւ Ժամանակն ընծան իր կործանում է։
Խոցում է նա ծաղկունքը պարմանի,
Փորում է ակոսներ՝ պերճ ճակատին,
Ուտում ծնած իր գանձը գեղանի,
Եւ չի թողնում ոչինչ իր գերանդին։

Բայց դեպ գալիքը տաղն իմ կտանի,
Քո գովքը․ ինչ էլ ձեռքն իր չար անի։